ԱՆԱՊԱՏԸ և ՀՈԳԻՆ — ԲԱՐԻ ԼՈՒՐԻ ՍԿԻԶԲԸ

ՄԱՐԿՈՍ 1:1-13 ԴԱՍ # 1
ԱՆԱՊԱՏԸ և ՀՈԳԻՆ — ԲԱՐԻ ԼՈՒՐԻ ՍԿԻԶԲԸ
I. Ողջույնի խոսք:
II. Սկիզբ:
Ա. Ներածություն:
Ծանուցում: Ըստ որոշ աղբյուրների՝ Մարկոսի գիրքը ավետարաններից ամենաառաջինն է գրվել։ Եկեղեցու պատմությունը մեզ տեղեկացնում է, որ Մարկոսի ավետարանը Պետրոսի քարոզչության մասին է, քանի որ Մարկոսը, անկասկած, Հռոմում բազմիցս լսել է Պետրոսին։ Այսպիսով, ինչ-որ առումով Մարկոսի գիրքը Հիսուսի կյանքի և ուսուցչության մասին է՝ ներկայացված Պետրոս առաքյալի դիտանկյունից։
Մինչ կսկսենք՝ ևս մեկ նկատառում։ Եթե դու դժվարանում ես քերականության հարցում և գրելու գերազանց ջիղ չունես, ապա դու շատ նմանություններ ունես Մարկոսի հետ։ Մարկոսի հունարենը բավականին աղքատ է՝ բազում սխալներով։ Նրա համեմատ՝ Ղուկասի հունարենը ավելի հղկված է։
Բ. Սկիզբը:
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 1:1 -ը։
ՀԱՐՑ — Սա ինչի՞ սկիզբն է:
ՊԱՏ. — Հիսուս Քրիստոսի ավետարանի:
ՀԱՐՑ — Ի՞նչ է նշանակում «ավետարան»:
ՀԱՐՑ — «Բարի լուր»։ Մեզանից շատերը հավատքի կյանքի սաղմնային փուլում են, և մեզանից ոմանք էլ կցանկանային սկսել նոր, ավելի շատ մարտահրավերներով լի կյանք Տիրոջ հետ։ Այսպիսով, գուցե սա կարող է մեր կյանքում բարի լուրի սկիզբ լինել։
Գ. Մարկոս մարդը:
Ծանուցում: Մարկոսի անձի վերաբերյալ կան 2-ական չորս կարճ հղումներ. եկեք կարդանք. Գրծ. 12:12, 12:25, 13:13 և 15:37-40 (լսարանում չորս մարդու հանձնարարեք կարդալ՝ յուրաքանչյուրին մեկական տեքստ):
>>>> Չորս տարբեր մարդիկ կարդում են իրենց տեքստերը:
ՀԱՐՑ — Մարկոսի ձախողումը ի՞նչ հետևանքներ ունեցավ։
ՊԱՏ. — Այն պառակտեց աստվածասեր ավետարանչական խումբը։ Այնուամենայնիվ, Բառնաբասը ավելի գթասիրտ գտնվեց. նույն Բառնաբասը, որ Պողոսի պատճառով, ումից շատերը խուսափում էին, խիզախեց։ Պողոսը հակադրվեց սխալ թույլ տված մարդուն, մինչդեռ Բառնաբասը ընդունեց սխալված մարդուն։ Հավանաբար երկուսն էլ ծառայում էին հոգուն։ Երկու մեթոդն էլ աշխատում էր։
Ընտրիր չորս մարդու՝ կարդալու Կղ. 4.10, Փմ. 24, Բ Տմ. 4:11, Ա Պտ․5: 13 հատվածները (յուրաքանչյուրին հանձնարարիր մեկական տեքստ)։
>>>> Չորս տարբեր մարդիկ կարդում են իրենց տեքստերը:
ՀԱՐՑ — Արդյո՞ք մեզ համար հույս կա՝ քրիստոնեական կյանքում վաղաժամ ձախողվելուց հետո։
ՊԱՏ. — Մարկոսը վաղ տարիքից էր ներգրավված քրիստոնեական շարժման մեջ։ Կարելի է ասել, նա «եղեղեցու զավակ» էր, իսկ նմանատիպ մարդիկ, հաճախ առանց որևէ բարդության, կարողանում են իրական քրիստոնեական կյանք ապրել։ Եթե դու եկեղեցում ես մեծացել և կարծում ես, որ ձախողվել ես, ապա թերևս հենց այն փաստը, որ Աստված թույլ է տվել ձախողված մարդուն գրել Ավետարաններից մեկը, պետք է քեզ համար քաջալերանք լինի։
Դ. Ինչպե՞ս սկսել խոսել այն Աստծո մասին, որ գալու է Երկիր։
Ծանուցում: Ավետարանն ամենակարող Աստծո՝ Երկիր այցի մասին է, այն Աստծո մարդեղացման պատմությունն է։
ՀԱՐՑ — Ինչպե՞ս դու կսկսեիր նման պատմությունը։ Ո՞րն է լավագույն միջոցը, ըստ Մարկոսի, սկսելու սովորել Հիսուս Քրիստոսի մասին։ Մարկոսն ուշագրավ ձևով է իր պատմությունը կառուցել։ Պարզվում է՝ Մարկոսը ցանկացել է, որ մենք մեզ տեսնենք այդ պատմության մեջ, որպեսզի այն դառնա մեր պատմությունը։
ՀԱՐՑ — Ինչպե՞ս է Աստված սկսել Հիսուսի բարի լուրը քեզ քարոզելը։ Ինչպե՞ս ես դու առաջին անգամ այն լսել, իրապես լսել։
ՊԱՏ. — Հնարավոր է՝ խմբից մարդիկ սկսեն կիսվել իրենց փորձառությամբ։ Ուշադրություն դարձրեք, թե Մարկոսն Աստծո Որդու Երկիր գալու պատմությունն ինչպե՞ս է պատմել։
III. Ապաշխարություն քարոզող Հովհաննեսը:
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 1:2-4:
ՀԱՐՑ — Ինչպե՞ս է մեր պատմությունն սկսվում։
ՊԱՏ. -Պատմությունն սկսվում է Հովհաննես անունով մարդու կողմից եզակի պատգամի քարոզով։
ՀԱՐՑ — Ո՞րն էր Հովհաննեսի պատգամի էությունը։
ՊԱՏ. -Ապաշխարություն։ Մարկոսը գրում է, որ եթե մարդիկ ցանկանում են Աստծո ներկայություն ապրել, ապա ապաշխարությունն Աստծո կողմից նախնական պահանջն է լինելու։
ՀԱՐՑ — Քրիստոսին իսկապես նվիրյալ քանի՞ քրիստոնյա է ապաշխարությամբ սկսել իր հավատքի կյանքը։
ՊԱՏ. — Քաջալերեք մասնակիցներին՝ կիսվելու իրենց փորձառությամբ, ապա նշեք, որ հնարավոր է՝ իրենցից ոմանք իրապես ապաշխարելուց հետո միայն կարողանան ապրել Քրիստոսի կենդանի ներկայությունը։ Անկախ իրենց նախկին կրոնական պատկանելիությունից, քանի դեռ իրենք չեն ապաշխարել, իրականում պատրաստ չեն Աստծո Որդուն ընդունել։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 1:5-6:
ՀԱՐՑ — Ի՞նչ է այս հատվածը մեզ տեղեկացնում Հովհաննեսի մասին։
ՊԱՏ. — Հաշվի առեք, թե քարոզիչը որտեղից է. նա անապատից է եկել։ Հին Կտակարանում անապատը կամ տափաստանը/ամայությունը երկակի նշանակություն ուներ. խորհրդանշում էր մաքրություն և զրկանքներով լի կյանք։
ՀԱՐՑ — Որտե՞ղ է Մովսեսն օրենքն ստանում։
ՊԱՏ. — Մովսեսն օրենքն ստանում է Սինա լեռան վրա՝ անապատում։ Անապատում կյանքը բավականին դժվար է և ֆիզիկապես շատ անհարմարավետ։ Աստծո խոսքը Մովսեսը չլսեց Բաբելոնի կամ Կահիրեի հարմարավետ (բայց խոտորեցնող) պայմաններում։
ՀԱՐՑ — Ո՞ւմ էր Հովհաննեսը հիշեցնում։
ՊԱՏ. — Եղիային. նա նույնպես անապատից կամ տափաստանից էր եկել։ Նա փափուկ կյանքով չէր ապրել, ոչ էլ իր ժամանակների հայտնի ճեմարաններից կամ էլ դպրոցներից էր սերել։ Նա անապատից էր եկել։ Արդյո՞ք Մարկոսը նկատի ունի, որ Աստծո ծառա լինելու և կորսված և մահացող աշխարհին Քրիստոսի պատգամը հասցնելու համար վերջինս պետք է որոշ ժամանակ անապատում ապրի։ Պարտադի՞ր են ադյոք որոշ դժվարություններ՝ պատգամակրին պատրաստելու համար:
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 1:7-8:
ՀԱՐՑ — Ո՞ւմ էր Հովհաննեսը մատնանշում։
ՊԱՏ. -Հովհաննեսը մատնանշում էր Հիսուսին։ Հովհաննեսի պես, մենք էլ ոչ թե մեզ վրա ուշադրությունը պետք է սևեռենք, այլ Հիսուսի։ Մեր նպատակը չպետք է լինի լավ կարիերայի կամ պատիվների ձեռքբերումը կամ կրոնական համայնքում նշանակալից մարդ դառնալը։ Մեր նպատակն է Հիսուսին մատնանշելը, որովհետև եթե մենք Հովհաննեսի նման իմաստուն լինենք, մենք կգիտակցենք, որ մենք արժանի չենք անգամ Նրա կոշիկների կապերն արձակելու։ Հովհաննեսը խոնարհությունը չէր կեղծում, բայց իրականում խոնարհ էր, քանի որ նա լավ էր հասկանում իր գործը և դերը Հիսուսի կյանքում։ Նա իր դերը տեսնում էր մեկ Ուրիշին մատնանշելու մեջ։
ՀԱՐՑ — Հովհաննես «Մկրտիչը» խոստացավ, որ նա որ պետք է գա, ջրով չի մկրտելու, այլ ինչո՞վ։
ՊԱՏ. — Սուրբ Հոգով:
IV. Հիսուսը.
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 1:8-13:
Ա. Հոգին սկսում է գործել։
ՀԱՐՑ — Ո՞վ աղավնու նման իջավ Հիսուսի վրա։
ՊԱՏ. — Սուրբ Հոգին (Մր. 1:10):
ՀԱՐՑ — Ո՞վ Հիսուսին տարավ անապատ։
ՊԱՏ. — Սուրբ Հոգին (Մր. 1:12): Երկու բանն էլ նույն Հոգին արեց։ Հոգին թե մկրտեց և թե Հիսուսին ուղղորդեց անապատ։
ՀԱՐՑ — Ո՞վ է նա, որ Հիսուսն ուզում է, որ մեզ մկրտի։
ՊԱՏ. — Նույն Սուրբ Հոգին (Մր 1:8):
Ծանուցում: Եթե մենք թույլ տանք՝ Հիսուսի Սուրբ Հոգին գործի մեր կյանքում, և հնազանդվենք, Նա մեզ կմկրտի, բայց նաև կտանի անապատի ճանապարհով։
ՀԱՐՑ — Արդյո՞ք անապատը խորհրդանշում է լավ, հեշտ ժամանակներ։
ՊԱՏ. — Ոչ, այն խորհրդանշում է փորձություններ, պայքար և դժվարութուններ։ Այնուամենայնիվ, նման փորձությունները ոչ թե մեզ խորտակելու, այլ ուժեղացնելու և վերակերտելու համար են։
ՀԱՐՑ — Կարո՞ղ ես հիշել կյանքից օրինակ, երբ փորձություններն ու դժվարություններն օրհնության պատճառ են հանդիսացել քեզ կամ մեկ ուրիշի համար։
ՊԱՏ. — Միայն նրանք, ովքեր անցել են կյանքի դժվարագույն ուղիներով, կարող են Աստված ճանաչել։ Կարծես թե կանչված լինելու կամ աստվածճանաչ դառնալու նշաններից մեկն անապատի փորձություններով անցնելն է։
Եթե Աստված չի օրհնել քեզ հավատարիմ կողակցով կամ հեշտ և հաճելի աշխատանքով կամ հաջողությամբ, առողջությամբ, որը դու կցանկանայիր, կամ էլ որին դու արժանի ես, ապա հնարավոր է՝ դա նշան է, որ Ինքը քեզ սովորեցնելու որոշ բաներ ունի։ Նա անապատում սովորեցնում է, ուղղորդում է, պատրաստում է և փորձում է Իր լավագույններին։
ՀԱՐՑ — Կարո՞ղ ես հիշել աստվածաշնչյան այլ հաջողված պատմություններ, որոնք սկսվել են անապատով։
ՊԱՏ. — Հիշո՞ւմ ես Մովսեսին։ Մինչ Աստծո մարգարեներից մեծագույնը կդառնար, նա 40 տարի անապատում ապրեց և բազում հիասթափություններ ունեցավ։
Հիշո՞ւմ ես Իսրայելին՝ Թվերի գրքից։ Հիսուսի փորձությունը նման էր Տոռայի շատ հերոսների փորձություններին։ Իսրայելին Կարմիր ծովում անհավանական ուժով փրկելուց հետո Աստված նրանց ուղղորդեց անապատ։ Հիշո՞ւմ եք Դավթին՝ Սամուելի գրքից։ Նա օծվեց թագավոր վաղ տարիքում (հավանաբար՝ 15 տարեկանում), բայց հետագա 15 տարին էլ, մինչ նա կդառնար թագավոր, անցկացրեց Սավուղի կողմից հալածվելով (հաճախ անապատում)։ Անապատային ուսուցումն անհրաժեշտ է «խոստացված երկրում» ապրելու համար։
Հիշիր Եղիային, Հովհաննեսին, Հիսուսին և, այո, նաև մեր «լուռ» (երբ իրավիճակն ավելի է լրջանում) Մարկոսին։
Ծանուցում։ Եթե մենք կարդանք Մարկոսի պատմությունը և փորձենք մեզ Հովհաննես Մկրտիչի դերում պատկերացնել, ապա հզոր լինելու, Աստծուն ուրիշներին ներկայացնելու համար պետք է, անկասկած, անապատ ուղղորդված լինենք։ Անգամ Հիսուսն ուղղորդվեց անապատ։ Եթե մենք Մարկոսի ավետարանը կարդացողի տեսանկյունից դիտարկենք, ապա կարծես թե Մարկոսն ասում է, որ նախապատրաստման համար ապաշխարությունն առաջնային անելիքներից է։ Այս երկու գաղափարներն էլ պարբերաբար կրկնվում են Հին Կտակարանում։ Դժվարությունների անհրաժեշտությունը՝ պատգամակիրի ուսուցման պարագայում, և որպես սկիզբ՝ Աստծո հետ ճիշտ հարաբերություններ ստեղծելու ճանապարհն ուղղորդվում է ապաշխարությամբ։
Ծանուցում: Վերջնական դիտարկում. հավատարիմ լինելու դեպքում անապատային փորձությունը միշտ էլ ավարտ է ունենում։
Եթե մենք մեր անապատում (դժվարություններ և ձախողումներ) ճիշտ սովորենք մեր դասը, ապա մենք կարող ենք Մարկոսին էլ նմանվել։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀՂՈՒՄՆԵՐ
Մարկոս 1:1-13
Հովհաննես Մկրտչի քարոզչությունը
(Մտթ. 3.1-12, Ղուկ. 3.1-18, Հովհ. 1.19-28)
1 Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը։
2 Ինչպես գրել են մարգարեները.
«Ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առաջից,
որ քո ճանապարհը պատրաստի քո առաջ» (Մղք. 3.1)։
3 «Անապատում կանչողի ձայնն է.
“Տիրոջ ճանապա՛րհը պատրաստեք
ու նրա շավիղներն ուղի՛ղ արեք”» (Ես. 40.3)։
4 Հովհաննեսն անապատում մկրտում էր ու մեղքերի թողության համար ապաշխարության մկրտություն քարոզում։ 5 Նրա մոտ էին գնում Հրեաստանի բոլոր բնակիչները և երուսաղեմցիները։ Նրանք Հորդանան գետում Հովհաննեսից մկրտվում էին՝ իրենց մեղքերը խոստովանելով։ 6 Հովհաննեսն ուղտի մազից հագուստ էր հագել, կաշվե գոտի ուներ իր մեջքին, մորեխ ու վայրի մեղր էր ուտում։ 7 Եվ քարոզելով ասում էր. «Իմ հետևից գալիս է ինձանից ավելի զորավորը, որին ես արժանի չեմ խոնարհվելու և կոշիկների կապերն արձակելու։ 8 Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա Սուրբ Հոգով կմկրտի ձեզ»։
Հիսուսի մկրտությունը
(Մտթ. 3.13–4.11, Ղուկ. 3.21-22)
9 Այն օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթից եկավ և Հորդանանում Հովհաննեսի ձեռքով մկրտվեց։ 10 Եվ անմիջապես, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը ճեղքված ու Աստծու Հոգին, որ աղավնակերպ իր վրա էր իջնում։ 11 Եվ երկնքից ձայն լսվեց. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։
Հիսուսի փորձությունն անապատում
(Մտթ. 4.1-11, Ղուկ. 4.1-13)
12 Եվ իսկույն Հոգին նրան անապատ տարավ։ 13 Նա այնտեղ մնաց քառասուն օր և սատանայից փորձության ենթարկվեց. ապրում էր գազանների հետ, ու հրեշտակները ծառայում էին նրան։

Գրծ. 12:12
Եվ սթափվելով՝ եկավ «Մարկոս» կոչված Հովհաննեսի մոր՝ Մարիամի տուն, որտեղ շատերը հավաքվել և աղոթում էին։

Գրծ․ 12:25
Բառնաբասն ու Սողոսը ծառայությունը կատարելուց հետո վերադարձան Երուսաղեմ՝ իրենց հետ վերցնելով նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։

Գրծ․13:13
Եվ Պողոսն ու ուղեկիցները Պափոսից դուրս ելան, եկան Պամփյուլիայի Պերգե քաղաքը։ Իսկ Հովհաննեսը, նրանցից բաժանվելով, վերադարձավ Երուսաղեմ։

Գրծ․15:37-40
Բառնաբասը ցանկանում էր Մարկոս կոչված Հովհաննեսին էլ վերցնել։ 38 Բայց Պողոսը մտածում էր, որ Պամփյուլիայում իրենցից բաժանվածին և իրենց հետ գործի համար չեկածին չպետք է վերցնեն իրենց հետ։ 39 Եվ նրանց միջև այնպիսի գժտություն եղավ, որ իրարից բաժանվեցին. Բառնաբասը, Մարկոսին վերցնելով, նավարկեց Կիպրոս, 40 իսկ Պողոսը, Շիղային ընտրելով, ճանապարհ ընկավ՝ եղբայրների կողմից Աստծու շնորհին հանձնվելով։

Կղ. 4.10
Վերջին ողջույններ
10 Ձեզ ողջունում են Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, և Բառնաբասի եղբորորդի Մարկոսը, որի համար պատվեր ստացաք, որ եթե ձեզ մոտ գա, նրան ընդունեք, 11 և Հիսուսը, որ Հուստոս է կոչվում, որոնք թլփատվածներից են։
Փմ. 24
23 Քեզ ողջունում են Եպափրասը՝ հանուն Քրիստոս Հիսուսի իմ բանտակիցը, 24 իմ գործակիցներ Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը, Ղուկասը։
Բ Տմ. 4:11
Միայն Ղուկասն է ինձ հետ։ Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ ծառայելու համար պետք է։
Ա Պտ․5: 13
Ձեզ ողջունում են Բաբելոնում գտնվող ընտրյալ եկեղեցին և իմ որդի Մարկոսը։