ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ․ ԽԱՉԻՑ ՎԱՐ ԻՋՆԵԼՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ

ՄԱՐԿՈՍ 15:22-41 Դաս # 44
ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ․ ԽԱՉԻՑ ՎԱՐ ԻՋՆԵԼՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ

I. Ողջույնի խոսք։
II. Ներածություն։ Այսօր մենք կխոսենք խաչելության մասին։ Թեմայի կարևորությամբ պայմանավորված՝ այնքան էլ հեշտ չի լինելու խոսել այս մասին։
Օսվալդ Չեմբերսը ասում է. «Պատճառը, որ Խաչի հանդեպ մեր մոտեցումը այդքան մակերեսային և մի տեսակ անփույթ է, այն է, որ մենք երբեք Աստծո լույսի ներքո չենք ընկալել մեր անձը: Բայց երբ մեզ հաջողվում է Աստծո լույսի ներքո մեզ տեսնել, ապա երկու ճանապարհ է հնարավոր դառնում՝ ինքնասպանություն կամ Քրիստոսի խաչ» (Վեհագույն բարիք, էջ 98):
III. Կտտանքները․ Մարկոս 15:22-25։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 15:22-25։
Ծանուցում։ Մեկնաբանների մեծամասնությունը կարծում է, որ զմուռսով խառնված գինին ցավազրկող էր: Երուսաղեմի բարեպաշտ հրեա կանանց կողմից այն առաջարկվեց Հիսուսին` խաչելության սարսափելի ցավը մեղմելու համար: Ուշադրությո՛ւն դարձրեք, որ Հիսուսը չընդունեց այդ առաջարկը:
Ծանուցում։ Հովսեփոսը նկարագրում է խաչելությունը՝ որպես «մահանալու ամենադաժան ձև»: Ցիցերոնը խաչելության մասին խոսելիս ասել է, որ այն «ամենադաժան, ամենավայրագ և սահմռկեցուցիչ մահապատժի ձևն է» (Լեյն, էջ 561):
Ծանուցում։ Կախաղանից կախելը նախատեսվում էր կռապաշտների, շնացողների և հայհոյողների համար, ովքեր քարկոծվել էին: Այս մեթոդը արդեն ժամկետանց էր և մարդկանց կախում էին նվաստացման համար, ոչ թե մահապատժի:
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Բ Օր․ 21:23։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Գղ․3:13.
ՀԱՐՑ — Ըստ Մարկոսի՝ խաչելությունը առաջնայի՞ն, թե երկրորդական նշանակություն ուներ Հիսուսի կյանքում։
ՊԱՏ․ — Առաջնային նշանակություն ուներ։ Հիշեք, որ 8-10-րդ գլուխներում Հիսուսը հինգ անգամ կանխագուշակեց Իր մահը։ Հիշեք նաև, որ 14-րդ գլխում ավելի հստակ երևում է Հիսուսի՝ Իր մահվան խորը գիտակցումը և այն ընդունելու պատրաստակամությունը։ Հիշեք, որ նախորդ գլուխներում Նա թույլ չտվեց, որ Իր հրաշքները դառնան առանցքային Իր ծառայության մեջ։
ՀԱՐՑ — Ինչո՞ւ նման սարսափելի և դաժան իրադարձության մասին Մարկոսի գրքում այդքան սահմանափակ է անդրադարձ արված։
ՊԱՏ․ — Լեյնը (էջ 564) կարծում է, որ դա պայմանավորված է նրանով, որ բոլորն էլ գիտեին խաչելության դաժանությունը։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ Մարկոսի գիրքը զգուշությամբ է գրվել: Հնարավոր է, որ հեղինակը ցանկացել է, որ ընթերցողը կենտրոնանա մեկ այլ բանի վրա: Եկե՛ք տեսնենք, թե ինչ տվեց մեզ Մարկոսի գիրքը, և ի՞նչի վրա է Մարկոսը ցանկանում, որ իր ընթերցողները կենտրոնանան:
IV. Մարդկանց մարտահրավերը․ խաչից վար իջնելու կոչը։ Մարկոս 15:26-32։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 15:26-32։
Ծանուցում։ Ուշադրություն դարձրեք, որ Մարկոսը ավելի մանրամասն է նկարագրում, թե ինչպես են զինվորները բաժանում Հիսուսի հագուստը իրար մեջ, քան այն, թե ինչպես են Հիսուսին խաչում։ Սրանով շեշտադրվում է, որ Հիսուսի հետ վարվեցին ինչպես սովորական հանցագործի: Հռոմեական քաղաքականություն էր, որ պետությունը բռնագանձում էր դավաճանության համար դատապարտված մարդու ունեցվածքը: Հիսուսն այնքան քիչ բան ուներ, որ զինվորներին թույլ տրվեց վերցնել Իր հագուստը:
Ծանուցում։ Մարկոսը գրում է Հիսուսի դեմ մեղադրանքի մասին․ Արքայի հավակնորդ (15:26), այնուամենայնիվ Մարկը նաև ներկայացրեց Հիսուսին՝ որպես մահապատժի դատապարտված սովորական հանցագործի:
ՀԱՐՑ — Ի՞նչ էր ցանկանում ասել Մարկոսը՝ նշելով նրանց, ում հետ Հիսուսը խաչվեց:
ՊԱՏ․ — Բարքլեյը հիշեցնում է մեզ, որ «Հիսուսը խաչվեց երկու գողերի արանքում: Դա իր ամբողջ կյանքի խորհրդանիշն էր, որ մինչև վերջ նա մեղավորների հետ եղավ» (Բարքլի, էջ 381):
Մի բան ակնհայտ է. Մարկոսը չէ՛ր փորձում Հիսուսին ներկայացնել մարքեթինգային լույսի ներքո: Հիսուսի հեղինակությունը արատավորվե՛ց: Նա սպանվեց որպես դատապարտված հանցագործ, իսկ իր ունեցվածքն էլ բռնագրավվեց. Նրա մեղադրանքը կամ հանցագործությունը հստակ ներկայացված էր, և նա այլ հանցագործների հետ միասին խոշտանգումների ու կտտանքների ենթարկվեց։
>>>> Ինչ-որ մեկը թող նորից կարդա Մարկոս 15:29-32։
ՀԱՐՑ — Այս տողերը հիմնականում ի՞նչն են շեշտադրում։
ՊԱՏ․ — Նվաստացում և խոսքի միջոցով բռնություն: Դարձյալ՝ նրանք առանց այդ էլ վատ վիճակը վատթարացրին։ Երկու տարբեր խմբերի կողմից երկու տարբեր մարտահրավերներ տրվեց Հիսուսին:
ՀԱՐՑ — Ի՞նչ տիպի մարտահրավերով անցորդը խոսքի բռնությանը դիմեց։
ՊԱՏ․ — Եթե դու այդքան զորեղ ես, որ կարող ես մեծ տաճարը կործանել , վա՛ր իջիր խաչից։ .
ՀԱՐՑ — Ո՞րն էր կրոնական առաջնորդների մարտահրավերը:
ՊԱՏ․ — Եթե Հիսուսը կարող է ուրիշներին փրկել, թող որ Ինքն Իրեն էլ փրկի․ անկասկած սա ակնարկ էր Իր բժշկության ծառայությանը։
Ծանուցում։ Այնուամենայնիվ, նրանց ծաղրանքը խորը իմաստ ուներ, քանի որ եթե Հիսուսը իջներ խաչից, ապա նա չէր կարող լրմանը հասցնել իր առաքելությունը: >> Ինչ-որ մեկը խմբի համար թող կարդա Մարկոս 8:31 (Լեյն, Էջ 568-569):
Ծանուցում։ Քահանայապետերի և դպիրների խաբեությունը իրականացրեց երկար ժամանակ հետապնդվող նպատակը՝ ոչնչացնել Հիսուսին (տե՛ս Մարկ. 3: 6, 11:18, 12:12, 14: 1-2, 14: 10-11, 14 : 64, 15: 1, 15: 3, 15:11 Լեյն, Էջ 569): Օսվալդ Չեմբերսը հիշեցնում է մեզ, որ մեղավորները չէին, որ ցանկանում էին Հիսուսի մահը, այլ «մաքուր համարվող կրոնավորները, բարոյական մարդիկ, ովքեր հրաժարվեցին զոհաբերել բնատուրը հոգևորի համար»: Նա շարունակում է՝ ասելով, որ նրանք, ովքեր թույլ տվեցին իրենց «բնատուր բարությանը» խոչընդոտել իրենց հասկացողությանը և հրաժարվեցին իրենք իրենց խոստովանել, որ իրենք «բնական բարությունից» ավելի մեկ այլ բանի կարիք ունեն, դարձան նրանք, ովքեր ատում են Հիսուսի խաչը։ Այսօր շատ մարդիկ հիանում են Հիսուսով, բայց խաչի վրա Նրա մահվան հանդեպ հաճախ թշնամանքով են վերաբերում։ Ոմանք անվանում են Քրիստոնեությանը բարբարոսական կրոն:
Ծանուցում։ Բարքլին մեջբերում է գեներալ Բոութին , «Salvation Army»-ի հիմնադրին, ով ասել է․ «Մենք հավատում ենք Հիսուսին հենց այն պատճառով, որ Նա չիջավ խաչից» (Բարքլի, էջ 381)։
Բարքլին շարունակում է՝ նշելով երկու բան. 1) Նրա մահը անհրաժեշտ էր: Եթե Նա չմահանար, մենք չէինք ճանաչի Աստծո ներումը: 2) Եթե Նա մեզ քիչ սիրեր, քան իրականում սիրեց, ապա նա կիջներ խաչից և վերջ կտար Իր փառքի նսեմացմանը: Նա սիրում է մեզ և Նա կրեց նախատինքն ու ամոթը (Բարքլի, էջ 381):
Չեմբերսը հավելում է. «Խաչը Աստծո սրտի գաղտնիքն է, Աստծո Որդու անձի գաղտնիքը, Սուրբ Հոգու աշխատանքի գաղտնիքը»:
Ծանուցում։ Քրիստոնեության մեջ ինձ համար ամենադժվար բաներից մեկը նվաստացում կրելն է: Բացառապես միայն Աստծո սերը զգալու դեպքում ես կարող եմ վերջինս կրել։ Զարմանալին այն է, երբ ես Նրա սիրո մեջ եմ, գիտակցում եմ, որ ճիշտ է նման ձևով վարվելը, և պատշաճ ձևով կրում եմ։ Բայց քանի դեռ չեմ հրաժարվել իմ անձի շահերից, ես երբեք չեմ կարող նման վեհության մակարդակի հասնել: Այնուամենայնիվ, ճշմարիտ է նաև այն, որ երբ «մահն» է ավարտվում, այն ժամանակ կյանքի խնդությունն է սկսում։
V. Աստված գործում է․ երկինքը մթնում է և Մարդու Որդին խոսում է։ Մարկոս 15:33-34։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 15:33-34։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Սղ․ 22:1-2։
Ծանուցում։ Քրիսոստոմը (Քրիսոստոմ, էջ 520) կարծում է, որ սա պետք է որ նրանց որոշակիորեն հուշեր, որ Աստծուն դուր չեկավ այդ ամենը: Նա նաև նշում է, որ դա չէր կարող լինել խավարում, քանզի այն երկար տևեց: Նաև այդ ժամանակ էլ մարդիկ գիտեին՝ խավարումը ինչ է, իսկ դա խավարում չէր: >>> Ինչ-որ մեկը թող կարդա Ամս․ 8: 9, 10-ը:
ՀԱՐՑ — Իսրայելի պատմության մեջ էլ ե՞րբ էր երկինքը մթագնել։
ՊԱՏ․ — Լեյնը (Լեյն, էջ 572) նշում է, որ այդպիսի խավար երկրի վրա եղել էր ավելի վաղ՝ Եգիպտոսին պատած խավարն ու մթությունը (Ելից 10: 21-22): Մթությունը գալիք դատաստանի և Իսրայելի գալիք փրկության նշանն է: Մթությունը թե՛ փրկության, թե՛ դատաստանի նշան էր:
ՀԱՐՑ — Հիսուսի աղաղակն ի՞նչ նշանակություն ուներ, խաչին գամված Հիսուսի կողմից արձակված միակ խոսքը, որը Մարկոսը նշում է։
ՊԱՏ․ — Հնարավոր է, դրանով Հիսուսն արտահայտում էր Իր մարդ լինելը, նաև Իր հուսահատությունը։ Մյուսները դա տեսնում են որպես հաղթական հայտարարություն, քանի որ Նա մեջբերում է Սաղմոս 22.1-ը, իսկ առաջին տողը ակնարկում է սաղմոսի մնացած մասին, որը ավարտվում է հաղթանակով (հատկապես 22: 22-31):
Այնուամենայնիվ, այստեղ հիմնական շեշտադրությունը այն է, որ խավարը և աղաղակը ցույց են տալիս, որ «Աստծո անաղարտ Որդին մահացավ մեղավորի մահով և զգաց լքված լինելու դառնությունը: Սա այն գինն էր, որ վճարվեց շատերի փրկության համար (Լեյն, էջ 573):
Ծանուցում։ «Իմ Աստված, իմ Աստված» արտահայտության կրկնությունը ցույց է տալիս Նրա ցավի սրությունն ու խորությունը. մինչդեռ «Իմ» անձնական դերանունը ցույց է տալիս մեզ, որ նույնիսկ դաժանագույն տառապանքի մեջ Հիսուսը տեսնում էր Իր Հորը՝ որպես Իր Աստված: Նա մահացավ ազնիվ, բայց ոչ դառնացած: Նա ճշմարտությունը խոսեց Աստծուն, բայց նա չհրաժարվեց Աստծո կամքից: Մեզանից ոմանք մեծ ցավի և շփոթության մեջ են, և Աստվածաշունչը սովորեցնում է մեզ Աստծուն ասել այն, ինչ զգում ենք՝ ճշմարտությունը, բայց նաև հավատարիմ մնալ:
VI. Մարդկային արձագանքը․ հետաքրքրասիրություն, ծաղրանք, զարմանք և սեր։ Մարկոս 15:35-41։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 15:35-41։
Ծանուցում։ «Էլոի՜, Էլոի՜»-ի հնչեղությունը շատ նման է «Էլի՜, Էլի՜»-ին, և քանի որ Հիսուսը փորձում էր մի կերպ շունչ քաշել, Իր կողմից արտաբերածը կարող էր նաև ընկալվել Էլի-յա-հու (եբրայերեն) կամ Եղիայի: Հրեական սովորություն կար, ըստ որի՝ Եղիան գալու էր և փրկելու արդար մարդկանց: Այսպիսով, Հիսուսի խոսքին առաջին արձագանքը սխալ մեկնաբանեց 22-րդ սաղմոսի Հիսուսի մեջբերումը: Այնուհետև ինչ-որ մեկը ծաղրանքով շտապեց նրան խմելու ինչ-որ բան տալ. «Թողե՛ք տեսնենք, թե Եղիան կարո՞ղ է նրան խաչից իջեցնել»: Սա արդեն երրորդ անգամ է (իրականում՝ չորրորդ, եթե հաշվեք խաչի վրա մյուս գողերին 15:32 բ), որ Հիսուսին մարտահրավեր է նետվում Խաչից ցած իջնելու: Այս անգամ նրանք ծաղրեցին Նրան այն կապակցությամբ, որ եթե նա իսկապես արդար լիներ, Եղիան իրոք կօգներ Նրան: Մեկ այլ անգամ նրանք ծաղրեցին Հիսուսին այն բանի համար, որ եթե նա իրոք հզոր լիներ, Իր իսկ զորությամբ կիջներ խաչից:
ՀԱՐՑ — Ի՞նչ եք կարծում, Հիսուսը 15:37-ում ի՞նչ աղաղակեց։
ՊԱՏ․ — Իհարկե, մենք հաստակ չենք կարող պատասխանել այս հարցին, բայց շատերը կարծում են, որ Նա աղաղակեց «Ավարտված է» (Հհ․ 19:30): Ինչ էլ որ ասաց, Իր խոսքը պատռեց տաճարի վարագույրը վերից վար և պատճառ հանդիսացավ, որ հարյուրապետը բացականչի. «Ճշմարիտ, որ այս մարդը Աստծո Որդի՛ն էր » (Մարկոս 15: 39): Անկասկած հարյուրապետը բազում մարդկանց էր տեսել մեռնելիս, բայց Հիսուս մարդու մահը տեսնելիս ինչ-որ բան կար, որ նրան ստիպեց տեսնել Աստծուն։
Հաճախ մեր թուլություններն են, նաև պատրաստակամություն ՝ դժվար իրավիճակներում և անգամ նվաստացուցիչ կերպով ծառայելու, որ բացահայտում է Աստծուն մարդկանց՝ մեր միջոցով։ Եթե մենք խույս տանք տառապանքից, գուցե այս կերպ վարվելով մենք խույս տանք ճշմարտությունը հաղորդել աշխարհին՝ ճշմարտություն, որ աշխարհը կարիք ունի տեսնելու: Հիսուսը հրաժարվեց օգտագործել իր իշխանությունը և իջնել խաչից ու խուսափել տառապանքից, որն էլ հենց մեր փրկության պատճառ դարձավ, այլ Նա օգտագործեց Իր զորությունը՝ տառապանքը կրելու համար:
ՀԱՐՑ — Ինչո՞ւ է այստեղ նշված կանանց մասին։
ՊԱՏ․ — Նրանք հավատարիմ էին: Շատ անգամ, երբ ոմանք վախից կամ շփոթվածությունից լքում կամ փախչում են, մյուսները՝ չնայած տարակուսած և կոտրված, չեն լքում կամ հեռանում: Բարքլին ասում է. «Սերը կառչում է Քրիստոսին նույնիսկ այն դեպքում, երբ ինտելեկտը ոչինչ չի կարողանում հասկանալ» (Բարքլի, էջ 385):
Ծանուցում։ Վարագույրը պատռվեց։ Այն, ինչ բաժանում էր Աստծո Սրբությունը մեղավոր մարդկանցից, պատռվեց։ Բարքլին նշում է, «Այլևս Աստված թաքնված չէր։ Այլևս գուշակելու և խարխափելու կարիք չկար։ Մարդը կարող էր նայել Հիսուսին և ասել․ «Ահա թե ինչպիսին է Աստված։ Աստված ինձ այդպես է սիրում» (Բարքլի, էջ 385)»։
Ծանուցում։ Հիսուսի մահը նման չէր ոչ մեկի մահվանը: Միայն Աստված Ինքը կարող էր մեռնել մեր փրկության համար: Միայն կատարյալ մարդը կարող էր կատարյալ զոհաբերություն լինել մեր մեղքերի համար: Մեր կոչումն է ՝ նույնականացվել Նրա մահվան հետ և մեռնել «մեր անձի հանդեպ»: Մենք պետք է զոհաբերենք մեր կամքը Նրա կամքի համար:
Օսվալդ Չեմբերսը դիպուկ է գրում. «Ես պետք է ամեն օր վերցնեմ այդ խաչը և ապացուցեմ, որ ես այլևս իմ սեփականը չեմ: Անհատական անկախությունը ոչնչանում է, և այն ամենը, ինչ մնում է Հիսուսի հանդեպ, նվիրվածությունն է՝ Իր Խաչի հետ նույնացման միջոցով»։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀՂՈՒՄՆԵՐ

Մարկոս 15:22-41
22 Եվ նրան տարան Գողգոթա, մի տեղ, որ «Գագաթ» է նշանակում։ 23 Նրան զմուռս խառնած գինի տվեցին, որ խմի, բայց նա չվերցրեց։ 24 Ապա նրան խաչեցին և նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրա վիճակ գցելով, թե ով ի՛նչ պիտի վերցնի։ 25 Երրորդ ժամն* էր, երբ նրան խաչեցին։ 26 Եվ գրված էր նրա հանցանքի պատճառը՝ «ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ 27 Հիսուսի հետ խաչեցին երկու ավազակների. մեկին՝ նրա աջ կողմում, իսկ մյուսին՝ ձախ կողմում։ 28 * Այսպիսով կատարվեց Սուրբ Գրքում գրվածը, որ ասում էր. «Անօրենների շարքը դասվեց»։
29 Անցորդները հայհոյում էին նրան և իրենց գլուխները շարժելով՝ ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում։ 30 Փրկի՛ր քո անձը ու իջի՛ր խաչից»։ 31 Նույնպես էլ քահանայապետները դպիրների հետ իրար մեջ ծաղրում էին ու ասում. «Ուրիշներին փրկեց, իր անձը չի կարողանում փրկել։ 32 Ասում է՝ Քրիստոսն է՝ Իսրայելի թագավորը. թող հիմա խաչից իջնի, որ տեսնենք ու հավատանք նրան»։ Նրա հետ խաչվածներն էլ էին նրան նախատում։
Հիսուսի մահը
(Մտթ. 27.45-56, Ղուկ. 23.44-49, Հովհ. 19.28-37)
33 Վեցերորդ ժամին* ամբողջ երկրի վրա խավարը տիրեց մինչև իններորդ ժամը*։ 34 Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 22.1)։ 35 Այնտեղ գտնվողներից ոմանք, երբ լսեցին այս, ասում էին. «Ահա Եղիային է կանչում»։ 36 Մեկն առաջ վազեց, սպունգը քացախի մեջ թրջեց, եղեգի վրա դրեց և Հիսուսին տվեց, որ խմի, ասելով. «Թողեք տեսնենք՝ Եղիան կգա՞, որ նրան խաչից իջեցնի»։
37 Ապա Հիսուսը բարձր ձայն արձակեց ու հոգին ավանդեց։
38 Եվ տաճարի վարագույրը վերևից ներքև երկու մասի պատռվեց։ 39 Հարյուրապետը, որ կանգնած էր այնտեղ՝ նրա դիմաց, տեսնելով, թե ինչպես Հիսուսն աղաղակելով հոգին ավանդեց, ասաց. «Այս մարդն իսկապես որ Աստծու Որդին էր»։ 40 Այնտեղ կային նաև կանայք, որոնք հեռվից նայում էին։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբոսի ու Հովսեսի մայրը՝ Մարիամը, և Սալոմեն։ 41 Նրանք ևս, երբ Հիսուսը Գալիլեայում էր, գնում էին նրա հետևից ու ծառայում նրան։ Ուրիշ շատ կանայք էլ կային, որոնք նրա հետ Երուսաղեմ էին բարձրացել։

Բ Օր․ 21:23
23 Նրա մարմինը գիշերը ծառի վրա չմնա, այլ նույն օրը անպատճառ կթաղես նրան, որովհետև կախված մարդը Աստծուց անիծված է, և չպղծես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը քեզ է տալիս ժառանգելու համար»։

Գղ․ 3:13
13 Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց՝ մեզ համար անեծք դառնալով (քանզի գրված է. «Անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),ղ

Մր․ 8:31
31 Հիսուսը սկսեց նրանց ուսուցանել, որ Մարդու Որդին պետք է շատ չարչարվի, փորձության ենթարկվի ծերերից, քահանայապետներից ու դպիրներից, պետք է մահանա և երեք օր հետո հարություն առնի։

Մր. 3: 6
6 Եվ փարիսեցիներն անմիջապես դուրս գնացին. հերովդեսականների հետ նրա դեմ խորհուրդ էին անում, թե նրան ինչպե՛ս կորցնեն։

Մր 11:18
18 Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն, սակայն նրանից վախենում էին, քանի որ ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։

Մր 12:12
12 Եվ ուզում էին Հիսուսին բռնել, որովհետև հասկացան, որ այդ առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան, թողեցին նրան ու գնացին։

Մր 14: 1-2
1 Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս Հիսուսին նենգությամբ բռնեն և սպանեն։ 2 Բայց ասում էին. «Ո՛չ տոնի ժամանակ, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։

Մր 14: 10-11
10 Ապա Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, քահանայապետների մոտ գնաց, որպեսզի Հիսուսին մատնի նրանց։ 11 Երբ նրանք լսեցին, ուրախացան ու խոստացան նրան արծաթադրամ տալ։ Եվ Հուդան հարմար առիթ էր փնտրում, թե ինչպե՛ս մատներ նրան։

Մր 14 : 64
64 Դուք լսեցիք հայհոյությունը. ձեզ ինչպե՞ս է թվում»։ Եվ բոլորը դատապարտեցին նրան. հանցավոր է և պետք է մահապատժի ենթարկվի։

Մր 15: 1
1 Վաղ առավոտյան քահանայապետները, ծերերի, դպիրների և ամբողջ ատյանի հետ խորհրդակցելով, Հիսուսին կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոսին։

Մր 15: 3
3 Եվ քահանայապետները նրա դեմ շատ ամբաստանություններ էին անում։

Մր 15:11
11 Բայց քահանայապետներն ամբոխին գրգռեցին, որ պահանջեն՝ Բարաբբային իրենց համար արձակի։

Սղ․ 22:1-2
1 Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ես թողել ինձ. հեռու ես ինձ փրկելուց և իմ հառաչանքի խոսքերից։
2 Ո՛վ իմ Աստված, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում, և գիշերն էլ, բայց հանգստություն չկա ինձ համար։

Ամս․ 8: 9-10
9 «Այդ օրը,- ասում է Տեր Աստված,- արևը մայր եմ մտցնելու կեսօրին և լույս օրով խավարեցնելու եմ երկիրը։ 10 Եվ ձեր տոնախմբությունները սգի պիտի վերածեմ և ձեր բոլոր երգերը՝ ողբի, և ամեն մեջքի վրա քուրձ պիտի դնեմ և ամեն գլխի վրա՝ կնտություն, և մեկ հատիկի սգի պես պիտի անեմ և նրա վախճանը՝ դառը օրվա պես»։

Ելք 10: 21-22
21 Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ դեպի երկինք, որպեսզի խավար լինի Եգիպտոսի վրա, շոշափելի խավար»։ 22 Մովսեսն իր ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Եգիպտոսի ամբողջ երկրի վրա երեք օր թանձր խավար եղավ։

Հհ․ 19:30
30 Երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց. «Կատարված է»։ Նա գլուխը խոնարհեց և հոգին ավանդեց։